Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» Պոլիս
Ականավոր լեզվաբան, հայագետ, բառարանագիր Հրաչյա Աճառյանի հիշատակը ապրիլի 12-ին խորհրդանշական կերպով նշանավորվեց Ստամբուլի հայ համայնքում։ Առիթը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից գիտնականի 150-ամյակին թողարկված արծաթե հուշադրամի «վերադարձն» էր քաղաք, որտեղ ծնվել և մտավորականի իր առաջին քայլերն է արել Աճառյանը։
Ծնված լինելով 1876 թվականին՝ նա տարրական կրթություն է ստացել Պոլսի հայկական Սահակյան-Նունյան վարժարանում, ապա արդեն միջին ու ավագ դասարաններում կրթությունը շարունակել է տեղի Կենտրոնական վարժարանում։ Եվրոպական համալսարաններում կրթություն ստանալուց հետո լեզվաբանը վերադարձել է Ստամբուլ և որոշ ժամանակ աշխատել այստեղ։
Պոլսի հայ համայնքում մինչ օրս շարունակում են հիշել ու արժևորել Աճառյանի անգնահատելի վաստակը հայագիտության և հայերենագիտության բնագավառներում։ Ուստի պատահական չէ, որ մեծանուն գիտնականի 150-ամյակի առթիվ հուշադրամի թողարկումից հետո Պոլսի ամենահին հայկական օրաթերթի՝ «Ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ բաց նամակով դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին ու առաջարկելով հուշադրամի երեք օրինակ նվիրաբերել Պոլսի երեք հայկական հաստատություններին, ովքեր պատմության ընթացքում առնչություն են ունեցել Աճառյանի հետ։
«Հրաչյա Աճառյանը մեզ համար մեծ պատգամ ունեցող դեմք է։ Նրա գործունեության նշանակությունը մեր այսօրվա մարտահրավերների լույսի տակ շատ ավելի մեծ կարևորություն է ստանում։
Հրաչյա Աճառյանի հոբելյանն ու այսօր այդ հուշադրամների՝ մեզ հատկացվող օրինակները հիշեցնում են, թե մեր հաստատությունները պատմության ընթացքում ինչքան ճակատագրական դեր են ունեցել։ Աճառյանը կրթությունը սկսել է Սամաթիայի Սահակյան-Նունյան վարժարանից, ուր այսօր լսարաններից մեկն իր անունն է կրում։ Նա եղել է նաև Կենտրոնական վարժարանի սան, ինչն իր հուշերում ընդգծված տեղ ունի։ Եվ ի վերջո իմ ներկայացրած հաստատությունը՝ «Ժամանակ» օրաթերթը, Հրաչյա Աճառյանի հիշատակի հետ առանձին առնչություն ունի, քանի որ նրա հայերենի ավարտական քննության հանձնախմբի անդամ է եղել «Ժամանակ»-ի հիմնադիր Միսաք Գոչունյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Արա Գոչունյանը։