Nasdaq ինդեքսը պատմական ռեկորդ է սահմանել. ըստ ներդրողների՝ ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտվել է
Nasdaq Composite ինդեքսը չորեքշաբթի հասել է պատմական առավելագույնի՝ գրանցելով իր առաջին ռեկորդային փակումը սկսած նախորդ տարվա հոկտեմբերից։ Ինդեքսն աճել է 1,6%-ով՝ հատելով 24,020 կետի սահմանագիծը և գերազանցելով հոկտեմբերի 29-ին սահմանված նախորդ գագաթնակետը։ Ներդրողների մոտ վերականգնվել է «ախորժակը» ռիսկային ներդրումների հանդեպ, ինչը շաբաթներ շարունակ բացակայում էր պատերազմի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Այս աճը հատկապես կարևոր է, քանի որ տարվա սկզբին տեխնոլոգիական ոլորտը լուրջ անկում էր ապրել։ Ներդրողները մտահոգություն ունեին, որ արհեստական բանականության վրա կատարվող հսկայական ծախսերը կարող են արագ օգուտներ չբերել։ Բացի այդ, Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությունը բարձրացրել էր նավթի գները, ինչը հանգեցնում էր գնաճի և շուկայական անորոշության։ Մարտի վերջին ինդեքսը նույնիսկ մտել էր «կորեկցիայի» փուլ՝ գների 10% և ավելի անկում նախորդ գագաթնակետից։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հաստատումն ու պատերազմը դադարեցնելու ջանքերը դրական ազդակ են հանդիսացել շուկայի համար՝ վերադարձնելով ներդրողներին դեպի խոշոր տեխնոլոգիական և ԱԲ ոլորտի ընկերություններ։
Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունները և Amazon-ը ցուցադրել են շուկայական լավագույն արդյունքները։ Ներդրումային այսպիսի ակտիվությունը համընկնում է եռամսյակային արդյունքների հրապարակման փուլի հետ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակնկալվում է շահույթի 46,2% աճ։ Սա ցանկացած այլ ոլորտի համեմատ շահույթի ամենամեծ աճն է, ինչն ավելի է ամրապնդում վստահությունը տեխնոլոգիական հսկաների նկատմամբ։