ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաջորդ շաբաթ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 16-ին տեղեկացրել է, որ Եվրամիությունն արդեն հաջորդ շաբաթ մտադիր է հավանություն տալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին, ինչպես նաեւ համաձայնեցնել 90 մլրդ եվրոյի չափով գումարը, որպես վարկ, Ուկրաինային տրամադրելու հարցը։
«Վաղուց ժամանակն է, որ ԵՄ-ը հանի 90 միլիարդ եվրոյի տրամադրման արգելափակումը եւ առաջ շարժվի պատժամիջոցների 20-րդ փաթեթով։ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կքննարկի սա հաջորդ շաբաթ»,- հայտնել է նա սոցիալական ցանցերում։
ԵՄ խորհրդի հաջորդ նիստը արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսված է ապրիլի 21-ին։ Հանդիպումը տեղի կունենա Լյուքսեմբուրգում։
Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը նույն օրը հայտնել է, որ երկիրը մտադիր է խոչընդոտել ԵՄ հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունմանը, մինչեւ չստանա «Դրուժբա» նավթամուղի աշխատանքի վերսկսման երաշխիքներ։ Նա նաեւ հայտնել է, որ Բրատիսլավան չի առարկի ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելուն, որին մինչ այժմ խոչընդոտել է Հունգարիան։