Հայաստանը 240 մլն դոլարի վարկ է վերցնում փախստականների բնակարանային խնդիրները լուծելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրը նպատակ ունի բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը. այն բացկացած է երեք բաղադրիչներից.

  1. Բնակարանային սուբսիդիաներ և ինստիտուցիոնալ զարգացման աջակցություն,

– դրամական աջակցության տրամադրում սոցիալական աջակցության ծրագրի շահառուներին՝ բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների ու սպառողական այլ ծախսերի կատարման հարցում նրանց աջակցելու համար,

– բնակարանի գնման համար հիփոթեքի ամսական վճարումների կամ հիփոթեքի կանխավճարների ֆինանսավորում, որոնք ենթակա են կատարման բնակարանային ապահովման ծրագրի (ԲԱԾ) շահառուներին տրամադրվող ընդունելի հիփոթեքային վարկերի շրջանակում, հիփոթեքային սուբսիդիաների տրամադրման միջոցով՝ ԲԱԾ ծրագրի շրջանակում գույքի ձեռքբերման համար,

–  ա) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կառավարվող փախստականների ԲԱԾ-ի կառավարման տեղեկատվական համակարգի թվային բարելավում.

բ) ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և աջակցություն բնակարանային ապահովման ոլորտում իրականացվող քաղաքականության բարեփոխումներին:

  1. Բնակարանային ապահովման ֆինանսավորման շուկայի զարգացում

ա)        ԲԱԾ շահառուներին տրամադրվող ընդունելի հիփոքեթային վարկերը վերաֆինանսավորելու նպատակով վարկային գծի ֆինանսավորում՝ ընտրված մասնակից ֆինանսական հաստատություններին հիփոթեքի վերաֆինանսավորում տրամադրելու համար,

բ)         Վարկառուի կորպորատիվ կառավարման լավարկում խորհրդի անկախ անդամ նշանակելու միջոցով, ինչպես նաև տեղական շուկայում պարտատոմսեր թողարկելու վերջինիս կարողությունների զարգացում։

  1. Ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում:

Աջակցության տրամադրում Ծրագրի կառավարման և իրականացման, մշտադիտարկման և գնահատման, տեխնիկական աջակցության, ստուգող մարմին ներգրավելու հարցում, այդ թվում նաև վերապատրաստման և շահագործման ծախսերի, գնումների, բնապահպանական և սոցիալական, ինչպես նաև Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլանի իրականացման նկատմամբ վերահսկողության հարցերում:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶՄԲ-ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն ԱՄՆ դոլար, որից՝

ֆինանսավորման ոչ արտոնյալ մասնաբաժինը (վարկ)՝ 240.0 մլն ԱՄՆ դոլար է, իսկ ֆինանսավորման արտոնյալ մասնաբաժինը՝ գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքից (GCFF) տրամադրվող դրամաշնորհային միջոցներ 24.4 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագրի այլ համաֆինանսավորումներն են`

ՎԶՄԲ-ի հավելյալ միջոցներով ֆինանսավորվող «Կենսունակ մոլորակ» հիմնադրամից (LPF) դրամաշնորհային միջոցներ 10.0 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով,

ՎԶՄԲ-ից Ազգային հիփոթեքային ընկերությանը («ԱՀԸ») տրամադրվող վարկ 10.0 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով, ՀՀ կառավարության երաշխիքով,

Ընդհանուր 284.4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով ֆինանսավորումը, որը նպատակաուղղված է բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը և դրա իրականացման գործընթացների կատարելագործմանը, կիրականացվի փուլ առ փուլ՝ սահմանված ցուցիչների և դրանց համապատասխան արդյունքների կատարմամբ։