Հայաստանում նույնականացման քարտերի առկայությունը պարտադիր կդառնա 16 տարին լրացած անձանց համար
ID քարտերի (նույնականացման քարտերի) առկայությունը պարտադիր կդառնա 16 տարին լրացած անձանց համար։ Համապատասխան օրենսդրական փաթեթը հավանության է արժանացել ՀՀ կառավարության ապրիլի 23-ի նիստում։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանում կենսաչափական (բիոմետրիկ) համակարգի ներդրմանը։ «Փաթեթի նպատակն է ընդունել այնպիսի օրենսդրություն, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետությունում ներդրվող նոր կենսաչափական համակարգին։ Մենք, մասնավորապես, ցանկանում ենք բոլոր նորմատիվ իրավական ակտերը ներառել մեկ միասնական օրենքի մեջ»,- նշել է Սարգսյանը։
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ առաջարկվում է ID քարտերի առկայությունը պարտադիր դարձնել 16 տարին լրացած անձանց համար։ «Միայն ID քարտի առկայության դեպքում անձը կկարողանա ստանալ կենսաչափական անձնագիր», - պարզաբանել է նախարարը։
Նա նաև հստակեցրել է տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված կանոնները։ «6-ից մինչև 16 տարեկան անձանց համար նախատեսում ենք ID քարտերը ներդնել կամավոր հիմունքներով, իսկ մինչև 6 տարեկանների համար որպես անձը հաստատող փաստաթուղթ կդիտարկվի ծննդյան վկայականը», - նշել է գերատեսչության ղեկավարը:
Ըստ Սարգսյանի՝ նոր կանոնները թույլ կտան նաև փոխել անձնագրի և նույնականացման քարտի օգտագործման տրամաբանությունը։ «Ներքին ընթացակարգերի շրջանակներում անձը հաստատող հիմնական փաստաթուղթ պետք է դառնա ID քարտը: Միևնույն ժամանակ, անձնագիրն այսուհետ կհամարվի ճամփորդական փաստաթուղթ»,- ընդգծել է նա:
Նախագիծը նախատեսում է կենսաչափական փաստաթղթերի ներդրում ինչպես օտարերկրացիների, այնպես էլ այլ խմբերի համար։ «Օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց բոլոր փաստաթղթերը նույնպես կդառնան կենսաչափական», - նշել է նախարարը՝ հավելելով, որ ներկայումս նման տվյալների հավաքագրման համար ֆիզիկական հնարավորություններ չկան, սակայն դրանք անպայման կստեղծվեն։
Բացի այդ, նա անդրադարձել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում կենսաչափական համակարգի ներդրման հարցին։ «Շատ կարևոր է, որ մասնավոր գործընկերը չիրականացնի որևէ վարչական ընթացակարգ և չկայացնի քաղաքացու համար իրավական հետևանքներ ունեցող որոշումներ։ Այս ամենը կմնա պետության իրավասության տիրույթում»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը, ի թիվս այլ հարցերի, կապահովի ծառայությունների թվայնացման գործընթացի ընդլայնումը։ «Եթե մենք ունենանք ճիշտ կենսաչափական համակարգ, դա մեզ թույլ կտա ընդլայնել թվայնացման դաշտը և քաղաքացիներին մատուցել ավելի հարմարավետ ծառայություններ»,- պարզաբանել է ՆԳ նախարարը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կապված է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կարևորագույն բաղադրիչն անձը հաստատող փաստաթղթերն են և, ընդհանուր առմամբ, կենսաչափական համակարգը։ Ամբողջ ենթակառուցվածքի ներդրման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի աշուն։