Արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում. Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկը շրջահայացորեն արձագանքել է գնաճային ցնցումներին՝ կանխարգելիչ կերպով բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճային սպասումները խարսխելու և նվազագույն ծախսերով գնաճի խնդիրը հաղթահարելու նպատակով: Այս մասին խորհրդարանում ելույթի ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրված Մարտին Գալստյանը:

«Մենք արձագանքել ենք նաև ճկուն փոխարժեքի քաղաքականության միջոցով, ինչը հնարավորություն է տվել ոչ միայն զսպել գնաճը, այլ նաև խնայել և ժամանակի ընթացքում ավելացնել պետական պահուստները՝ դրանք հասցնելով աննախադեպ բարձր մակարդակի»,- հայտնեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ թեև իրենց հաջողվել է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ և ապահովել գների կայունությունը, իրենք գիտակցում են, որ անորոշ և արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում են նոր ինստիտուցիոնալ կառուցակարգ ու մոտեցում:

Գալստյանը հպարտորեն նշեց՝ ՀՀ ԿԲ-ն աշխարհում առաջին ԿԲ-ն է, որ մշակել ու ներդրել է ռիսկերի կառավարման վրա հիմնված դրամավարկային քաղաքականության կառուցակարգը, ինչը ապագայի մարտահրավերների ավելի ճկուն և պատրաստված արձագանքելու հիմք է:

«Ուզում եմ հատուկ նշել, որ 2025 թվականին ԿԲ-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովը նվազեցրել է գնաճային նպատակի ցուցանիշը՝ 4 տոկոսից սահմանելով 3 տոկոս: Գնաճի նպատակային ցուցանիշի նվազեցումը, վստահ եմ, կարևոր դրական ազդեցություն է ունենալու երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման, երկրում ներդրումային գրավչության բարձրացման և հասարակության բարեկեցության բարելավման վրա»,- նշեց թեկնածուն: 

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի ընտրության հարցը: