Հայաստանը շահագրգռված է ԱՄԷ-ից տեխնոլոգիաների և բարձրորակ ապրանքների ներկրմամբ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ տնտեսության արդիականացման նպատակով։
Այս մասին հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆիի և Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ ձևավորված սերտ գործակցությունը։
Նշվել է, որ Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար: