«Երևան–Տաշքենդ չվերթի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի և զբոսաշրջության համար»․ Ուզբեկստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ
«Ծովային ճանապարհ չունեցող երկրների համար ավիահաղորդակցությունը շատ կարևոր է։ Մեր մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի գործարկումը, իհարկե, հնարավորություններ կընձեռի և՛ բիզնեսի, և զբոսաշրջության համար, նաև նոր ներդրումների հնարավորություններ կբացի»։ Այս մասին Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի շրջանակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել է Ուզբեկստանի Հանրապետության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Աբդուլազիզ Աքքուլովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նշանակություն ունի երկու երկների համար առաջիկայում Երևան–Տաշքենդ ուղիղ չվերթի մեկնարկումը։
«Փորձը ցույց է տալիս՝ երբ որպես զբոսաշրջիկ հրավիրում ես, մարդը տեսնում է հնարավորությունները նոր երկրում, ձևավորվում է փոխգործակցություն, տնտեսությունը զարգանում է»,–հավելել է Աքքուլովը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի և Ուզբեկստանի միջև տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահը պատասխանել է, որ համագործակցությունն ինչպես գործընկեր մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի հետ, ակտիվ զարգանում է։
«Մենք շատ չիրացված ներուժ ունենք։ Եվ մենք իհարկե կօտագործենք այն։ Մենք միշտ կապի մեջ ենք Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի մեր գործընկերների հետ։ Մարտ ամսին ցուցահանդեսի շրջանակներում մենք հանդիպեցինք և քննարկեցինք փոխադարձ գործողությունները, թե ինչպես կարող ենք օգնել միմյանց և ինչպես կարող ենք զարգացնել մեր երկրի զբոսաշրջային հոսքերը»,–ասել է պաշտոնյան՝ նշելով, որ կարծում է՝ մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթը ավելի լայն հնարավորություններ կստեղծի համագործակցության զարգացման համար։
Նշենք, որ Սամարկանդ քաղաքում մայիսի 3-6–ը անցկացվում է Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովը, որի շրջանակում Ուզբեկստանում են ԱԶԲ–ի անդամ 69 երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները, փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, լրագրողներ։