Երևանում քննարկվել է Հայաստան-UNCTAD համագործակցության ընդլայնումը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի  (UNCTAD) գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող, գլխավոր քարտուղարի տեղակալ Պետրո Մանուել Մորենոյի հետ, հայտնում են ԱԳ նախարարությունից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNCTAD-ի դերը ներառական, արդար և թափանցիկ առևտրային համակարգերի խթանման գործում։ Ընդգծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում համագործակցության խթանման կարևորությունը: 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության և  ՄԱԿ-ի համակարգի ինստիտուցիոնալ կատարելագործման հնարավորությունների վերաբերյալ։ 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման հարցում Հայաստանի նախագահության տեսլականը:

Քննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր։