Ի՞նչ հեռանկար ունեն «ֆինանսական բուտիկները» Հայաստանում

Հայաստանում «ֆինանսական բուտիկ» հասկացությունը սովորաբար վերաբերում է մասնագիտացված, փոքր կամ միջին ֆինանսական կազմակերպություններին, որոնք տրամադրում են անհատականացված և բարձրակարգ ծառայություններ (օրինակ՝ ներդրումային խորհրդատվություն, ակտիվների կառավարում, մասնավոր բանկային գործունեություն կամ private banking)։ 

Այս անվանումը Արևմուտքում օգտագործում են սահմանափակ, բայց պրոֆիլային ծառայություններ մատուցող ֆինանսական ընկերությունների համար։ Իրենց ոլորտներում «բուտիկները» մրցակցում են խոշոր ընկերությունների հետ, իսկ մրցակցությունը, որպես կանոն, հաճախորդի օգտին է։ 

Հայաստանում շուրջ մեկ տարի է՝ քննարկվում է ֆինանսական ընկերությունների լիցենզիաների նոր համակարգի գաղափարը՝ «կոնստրուկտորի» սկզբունքով։ Ըստ այդմ, եթե այսօր գոյություն ունի լիցենզիայի մի քանի տեսակ (ապահովագրական, ներդրումային ընկերության, ֆոնդի, վարկային կազմակերպության, բանկային), ապա այժմ ԿԲ-ն քննարկում է այլ տարբերակ լիցենզիաները հնարավոր կլինի ստանալ կտոր-կտոր՝ բրոքերային հաշիվների, բորսայական, վճարահաշվարկային ծառայությունների, վարկերի տրամադրման կամ ավանդների ներգրավման և այլ ֆինանսական ծառայությունների համար։ 

 Կարևոր պայման է այն, որ ֆինանսական ընկերությունները, անկախ չափից, պետք է նույն ռիսկերի համար ապահովեն անվտանգության նույն պահանջները (same risk, same regulation)։ Արդյունքում, շուկան կդառնա ավելի մրցակցային, քանի որ վճարահաշվարկային կամ ներդրումային ընկերությունները կկարողանան հաճախորդներին սպասարկել առանց բանկերի միջնորդության։ 

 «Օրինակ, եթե իմ հաճախորդը ուզում է Եվրոպայից ապրանքի խմբաքանակ գնել ու ուզում է 100 հազար եվրոյի դրամ փոխարկել, այդ գործարքը պետք է անցնի հաճախորդի բանկի միջով։ Եթե մենք ունենանք բրոքերային հաշիվների լիցենզիա, այդ գործարքները կկատարվեն ավելի արագ», - նշում է «Կուբ ինվեսթ» ընկերության հիմնադիր Արմեն Տեր-Հակոբյանը։ 

Ռիսկերի կառավարում և մրցակցություն
Իրավաբանական անձանց համար արտարժույթի փոխանակումը, իսկ վերջին տարիներին՝ նաև բրոքերային ծառայությունները, դարձել են տեղական մասշտաբով խոշոր շուկաներ, որտեղ զբաղված են թե՛ բանկերը, թե՛ ներդրումային ընկերությունները։ Սակայն երկու դեպքում էլ վերջիններս իրենց գործարքները իրականացնում են բանկերի միջոցով, ինչը, գոնե տեսականորեն, ստեղծում է շահերի բախման ռիսկ։ 

 «Նոր կարգավորումների դեպքում մենք կկարողանանք հաճախորդների հաշիվները սպասարկել արագ և առցանց՝ հավելվածի միջոցով, որտեղ արժույթի փոխանակման համար բավարար կլինի ընդամենը կցել գործարքի ինվոյսը», - նշում է Տեր-Հակոբյանը։ 

 Բրոքերային հաշիվների սպասարկման լիցենզիա ստանալով՝ հնարավոր կլինի ներդրումային գործունեության համար ներգրավել նաև փոխառու միջոցներ՝ ԿԲ-ի ռեպո համաձայնագրերի տեսքով։ Այս գումարներով ներդրումային ընկերությունները, մասնավորապես, կարող են բորսայում ավելի ակտիվորեն հանդես գալ որպես մարկետ մեյքեր (ծառայության տեսակ, որով ներդրումային ընկերությունն օգնում է գնել և/կամ վաճառել բորսայում ցուցակված ընկերությունների արժեթղթերը)։ 

 Նույն ռիսկը, նույն կարգավորումը
«Իհարկե, այս ամենի համար անհրաժեշտ է ունենալ ռիսկերի պատշաճ կառավարում։ Մեր աշխատողներից մի քանիսն ունեն միջազգային որակավորում, իսկ փողերի լվացման դեմ պայքարի մասով, բացի սեփական մասնագետներից, աշխատում ենք անկախ ընկերության հետ, որը, խոշոր գործարքների դեպքում, մեզ երկրորդ կարծիք է տրամադրում», - նշում է Տեր-Հակոբյանը։ 

Ֆինանսական բուտիկ
«Ֆինանսական բուտիկները» տարածված են Արևմուտքի մի շարք երկրներում, որտեղ ներդրված են «լեգոյով» կարգավորումները։ Ի տարբերություն ավանդական բանկերի, նրանց ծառայությունները սահմանափակ են, բայց՝ պրոֆիլային, իսկ հաճախորդների նկատմամբ մոտեցումը՝ անհատական։ 

 «Ճիշտն ասած, մենք ևս, շատերի պես, ցանկանում ենք հաճախորդների հետ շփումներում փորձարկել չատ-բոտ, բայց հիմնական գործիքը այն չի լինելու։ Մեր «գործիքը» մեր բրոքերների, մասնագետների շփումն է մեր հաճախորդների հետ», - եզրափակում է Տեր-Հակոբյանը։

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի մասին
«Կուբ Ինվեսթ»-ը ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված և վերահսկվող  ներդրումային ընկերություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին:
Ընկերությունը մատուցում է բրոքերային ծառայություններ, ինչպես նաև արտարժույթի դիլեր-բրոքերային սպասարկում։ Բացի այդ, «Կուբ Ինվեսթ»-ը զբաղվում է արժեթղթերի տեղաբաշխմամբ, կապիտալի շուկաներում մասնագիտական ծառայությունների մատուցմամբ, ակտիվների փաթեթների կառավարմամբ, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և պահառության ծառայություններ։ 
Իր գործունեության ընթացքում ընկերությունը ձևավորել է վստահելի գործընկերոջ համբավ՝ առաջարկելով հաճախորդակենտրոն մոտեցում, մասնագիտական խորհրդատվություն և ժամանակակից ֆինանսական լուծումներ։ Ընկերության նպատակն է` նպաստել ներդրումային մշակույթի զարգացմանը Հայաստանում և հաճախորդներին տրամադրել արդյունավետ ու անվտանգ ֆինանսական գործիքներ: