Հայկական բիզնեսը պետք է պահպանի ռուսական շուկան, բայց նաև այլընտրանքներ փնտրի Եվրոպայում. ՀԱԳՄ նախագահ
Հայ գործարարները պետք է լավ ուսումնասիրեն և պատրաստվեն եվրոպական խոշոր շուկա դուրս գալուն, քանի որ տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը հասունացել է։
Այս մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։
Նա նշել է, որ դիվերսիֆիկացման մասին խոսվում է արդեն վաղուց, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկվել։
ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ ներկա զարգացումների պարագայում ռուսական շուկայում աշխատող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած վայրիվերումների։ Ըստ Արսեն Ղազարյանի՝ մեր պատմական գործընկերային շուկան այսօրվա վիճակով անփոխարինելի է Հայաստանի տնտեսական կառուցվածքի համար, և պետք է փորձել այն պահպանել։ Միաժամանակ ուշադրությունը հարկ է սևեռել եվրոպական և այլ շուկաների ուղղությամբ՝ նոր ժամանակներին, մարտահրավերներին, խնդիրներին դիմակայելու համար։
«Մենք, որպես հասարակական կառույց, փորձելու ենք մեր միջազգային կապերով, համաժողովներով, կոնկրետ երկրների արդյունաբերողների միությունների հետ աշխատանքով, նպաստել այլընտրանքների որոնմանը, նոր շուկաներում հաստատմանը,- նշել է Արսեն Ղազարյանը։
Նյութն ամբողջությամբ՝ /arka.am