ՄԱԳԱՏԷ–ն պետք է հստակ քայլեր անի. ՌԴ ԱԳՆ–ն` միջուկային անվտանգության սպառնալիքների մասին

Մոսկվան համոզված է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը պետք է կոնկրետ քայլեր անի միջուկային անվտանգության սպառնալիքների տարածումը կանխելու համար, ոչ թե կեղծ քաղաքական կոռեկտություն դրսևորի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։
Զախարովան նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի դիրքորոշումը միջուկային անվտանգության հարցում տատանվում է` կախված քաղաքական իրավիճակից։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունները գրեթե համաշխարհային ողբերգության էին հանգեցնում, սակայն որևէ մեկը պատասխանատվություն չի զգում դրա համար։
«ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող իրանական միջուկային օբյեկտներին հասցված ամերիկա–իսրայելական հարվածները քիչ էր մնում` հանգեցնեին անդառնալի հետևանքներով համաշխարհային ողբերգության։ Սարսափելի է, որ նրանք, ովքեր իրականացրին այդ ոճրագործությունը, ոչ միայն պատասխանատվություն չեն զգում դրա համար, այլև շարունակում են նոր ռմբակոծություններով վախեցնել Թեհրանին, որպեսզի ավարտին հասցնեն իրենց սկսածը», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Ինչպես նշել է դիվանագետը, ՄԱԳԱՏԷ-ն կոշտ նախազգուշացում չի արել այն երկրներին, որոնք շարունակում են սրել ռազմական լարվածությունը Իրանի շուրջ և բացահայտորեն հերթական հարձակումներն են նախապատրաստում իրանական քաղաքների և խաղաղ միջուկային օբյեկտների վրա։
«Գործակալությունը նախընտրում է լռել այն մասին, որ Իրանում պարզապես անհնար է ստուգողական գործողություններ իրականացնել ռմբակոծությունների պայմաններում, ինչպես նաև դրանց վերսկսման սպառնալիքի տակ», – հայտարարել է Զախարովան։