Լարսում կուտակումներ են, քանի որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է. Պապոյան
Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական բեռնատարները, որոնք չեն կարողանում հատել վրաց–ռուսական սահմանը, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այս պահին արձակուրդի մեջ է։
Նա պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ հայ բիզնեսմենների բեռնատարները Լարսի անցակետում կանգնած են ու չեն կարողանում անցնել սահմանը, որի հետևանքով ոչ միայն ապրանքն է փչանում, այլև ֆինանսակա կորուստներ են ունենում։
Պապոյանի խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատում են, շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, և մի քանի օրվա ընթացքում այդ խնդիրները կլուծվեն։
«Ընդհանուր առմամբ բոլոր խնդիրների լուծման վերջին օրը հունիսի 7–ն է, մեր գործարարները գիտեն այդ մասին։ Տեխնիկական խնդիրներ են և կապված են նրա հետ, որ շատ մեծ ծավալի արտահանում ու ներմուծում ունենք դեպի Ռուսաստան և այնտեղից մեր երկիր, այսինքն` առւտրաշրջանառությունը մեծացել է, շատ մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս ու գնում մեր երկիր»,– ընդգծեց նախարարը։