Արմենպրես. Հայաստանում ներկայիս գնաճային միջավայրը կառավարելի է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանում ներկայիս գնաճային միջավայրը հիմնականում պայմանավորված է առաջարկային բնույթի գործոններով, ինչպես նաև աշխարհաքաղաքական անորոշություններով պայմանավորված արտաքին ռիսկերով։ Միաժամանակ, հարաբերականորեն ակտիվ ներքին պահանջարկը նպաստում է գնաճային ազդեցությունների ուժեղացմանը։ Այդուհանդերձ, ներկայիս գնաճային միջավայրը գնահատվում է որպես կառավարելի։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով 2026 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված գնաճին, այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը:

- ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 5.3, իսկ ամսականը՝ 1.3%։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված գնաճի նման արագացումը, հիմնական ո՞ր գործոններն են նպաստել դրան:

- 2026 թվականի ապրիլին արձանագրված գնաճային դինամիկան հիմնականում ձևավորվել է պարենային ապրանքների գների արագացված աճի և արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդակների պայմաններում։ Ճիշտ եք արձանագրել՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%, իսկ ամսական գնաճը՝ 1.3%։ Միևնույն ժամանակ, «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» խմբում տարեկան գնաճը կազմել է 9.5%։

ԿԲ գնահատմամբ՝ ներկայիս գնաճային միջավայրը հիմնականում պայմանավորված է առաջարկային բնույթի գործոններով՝ միջազգային պարենային շուկաներում բարձր գներով, լոգիստիկ ծախսերի աճով, ինչպես նաև աշխարհաքաղաքական անորոշություններով պայմանավորված արտաքին ռիսկերով։ Միաժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել հարաբերականորեն ակտիվ մակարդակում, ինչը նպաստում է գնաճային ազդեցությունների փոխանցման մեխանիզմի ուժեղացմանը։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է ընդգծել, որ ներկայիս գնաճային միջավայրը գնահատվում է որպես կառավարելի։ Գնաճային սպասումները շարունակում են մնալ խարսխված։

- Նկատելի է պարենային որոշ ապրանքների գների նշանակալի աճը: Ընդհանուր առմամբ, սպառողական շուկայի ո՞ր հատվածներում է գրանցվել առավելագույն գնաճ և ինչո՞ւ է գների բարձրացումը առնչվում հենց դրանց:

- Առավել նշանակալի գնաճ է արձանագրվել մսամթերքի, կաթնամթերքի, ձվի և մրգերի առանձին խմբերում։ Օրինակ՝ ձվի գները տարեկան կտրվածքով աճել են 31.3%, տավարի և հորթի միսը՝ 20.5%, կաթնամթերք և ձու խմբում ներկայացվածներինը՝ 13.3%։

Այս զարգացումները պայմանավորված են մի քանի փոխկապակցված գործոններով։ Նախ՝ Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման տեսակարար կշիռը շարունակում է մնալ բարձր, ինչի հետևանքով համաշխարհային գների փոփոխությունները համեմատաբար արագ փոխանցվում են մեր ներքին շուկա։ Երկրորդ՝ աճել են գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը։ Երրորդ՝ առանձին ապրանքային խմբերում արձանագրվել են առաջարկի որոշակի սահմանափակումներ, որոնք՝ ըստ իս, ժամանակավոր բնույթ են կրում։ Միաժամանակ, ԿԲ-ի համար կարևոր է տարբերակել բարձր տատանողականություն ունեցող պարենային գնաճը և ավելի կայուն, հիմնարար գնաճային գործընթացները։

Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես