50,000 դրամ՝ վարորդական իրավունքի վերականգնման համար
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների աջակցության նախագիծը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
Այն վարորդները, որոնք բազմաթիվ խախտումների պատճառով 1 տարով զրկվել են վարելու իրավունքից և սպառել տուգանային միավորների սահմանաչափը, կարող են մեկ տարին լրանալուց հետո առանց քննության, մեկ տարի փորձաշրջանով վերականգնել իրենց իրավունքները՝ 13–ի փոխարեն ստանալով 6 բալային սահմանաչափ։
Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելով վարելու իրավունքից` վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության: