ՀՀ ՍԱՏՄ–ն ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ծանուցումը ստացել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ սահմանափակումների վերաբերյալ ծանուցումը ստացել է։ InfoPort.am-ին այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավարի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Ռոսսելխոզնադզորը մայիսի 28-ին հայտնել էր, որ մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը:
«Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, կհասկանանք՝ խնդիրը որտեղ է, ըստ այդմ՝ կփորձենք կարգավորումներն իրականացնել»,– ասաց Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքով` արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն։
Հիշեցնենք՝ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող մի շարք գյուղմթերքների՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։
Ռուսական կողմը որոշումը պատճառաբանում է բուսասանիտարական խախտումների հաճախակի արձանագրմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հայկական կողմը բավարար միջոցներ չի ձեռնարկել նախկինում հայտնաբերված խնդիրների ուղղությամբ։ Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ միայն 2026 թվականին արձանագրվել է խախտման 181 դեպք։