Կենսաթոշակային ֆոնդերի մեծ մասը բացասական եկամտաբերություն են արձանագրել 2026թ․ 1-ին եռամսյակում
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը կառավարող «Ցե-Կվադրատ Ամպեգա» և «Ամունդի-Ակբա» ընկերությունները հրապարակել են 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։
Ըստ կառավարիչների պաշտոնական ամփոփագրերի՝ հաշվետու ժամանակաշրջանը համաշխարհային ֆինանսական շուկաներում աչքի է ընկել բարձր անորոշությամբ և անկայունությամբ: Որպես բացասական ազդեցության հիմնական գործոններ՝ ընկերությունները մատնանշում են Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության սրումը, էներգակիրների գների աճը, գնաճային ռիսկերի մեծացումն ու կենտրոնական բանկերի զգուշավոր քաղաքականությունը, որոնք, ըստ վերլուծաբանների, անդրադարձել են թե՛ բաժնային, թե՛ պարտքային շուկաների վրա:
Նշվում է, որ նման պայմաններում ֆոնդերը կարողացել են պահպանել հարաբերական կայունություն՝ հիմնականում տեղական ֆիքսված եկամտային ներդրումների և պորտֆելների դիվերսիֆիկացված կառուցվածքի շնորհիվ։
«Ցե-Կվադրատ Ամպեգա» ֆոնդերի ցուցանիշները
Ինչպես նշվում է «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության հրապարակած տվյալներում, համաշխարհային բաժնային շուկաների անկումը և դրամի արժևորումը արտարժույթների նկատմամբ կարճաժամկետ բացասական ազդեցություն են ունեցել արտասահմանյան ներդրումների եկամտաբերության վրա։ Միևնույն ժամանակ, միջազգային շուկաների բացասական դինամիկան մասամբ մեղմվել է տեղական պետական և կորպորատիվ պարտատոմսերից ու ավանդներից ստացված կայուն եկամուտներով: Ընկերության կառավարման ներքո գտնվող երեք ֆոնդերն արձանագրել են հետևյալ ցուցանիշները.
- Կայուն եկամտային ֆոնդ (CQFIX). Եռամսյակն ամփոփել է 1.2 տոկոս եկամտաբերությամբ։
- Պահպանողական ֆոնդ (CQCON). Արձանագրել է -0.2 տոկոս արդյունք։
- Հավասարակշռված ֆոնդ (CQBAL). Արձանագրել է -0.4 տոկոս արդյունք։
2026 թվականի մարտի դրությամբ «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր արժեքը հասել է 742 մլրդ դրամի, որից շուրջ 216 մլրդ-ը գոյացել է կառավարման արդյունքում ստացված եկամուտներից։
«Ամունդի-Ակբա» ֆոնդերի ցուցանիշները
Նմանատիպ պատկեր է ներկայացնում նաև «Ամունդի-Ակբա» ընկերությունը։ Ըստ վերջինիս ամփոփագրի՝ մարտ ամսին ռիսկերի վերագնահատումն ու ակտիվների լայնածավալ վաճառքը զսպել են եկամտաբերության աճը, սակայն տեղական ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներն ապահովել են դրական արդյունքներ։ «Ամունդի-Ակբա»-ի հաշվետվության համաձայն՝ ընկերության կառավարման ներքո գտնվող երեք ֆոնդերն արձանագրել են հետևյալ ցուցանիշները.
- Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX) — 1.04 տոկոս։
- Պահպանողական ֆոնդ (AMCON) — -0.28 տոկոս։
- Հավասարակշռված ֆոնդ (AMBAL) — -0.69 տոկոս։
Անդրադառնալով կարճաժամկետ շուկայական տատանումներին՝ երկու կառավարիչներն էլ իրենց հաղորդագրություններում ընդգծում են կենսաթոշակային խնայողությունները երկարաժամկետ կտրվածքով դիտարկելու անհրաժեշտությունը։ Ըստ ընկերությունների տրամադրած տվյալների՝ ֆոնդերի ստեղծման պահից գրանցված շուրջ 7.3-ից մինչև 8.3 տոկոս միջին տարեկան եկամտաբերությունը նկատելիորեն գերազանցում է նույն ժամանակահատվածի կուտակային գնաճը՝ նպաստելով համակարգի մասնակիցների միջոցների գնողունակության պահպանմանն ու աճին։