Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի

Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանատեսակներով:

«Արմենպրես»-ին Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ այս օրերին այգում այցելուներին սպասում են հետաքրքիր նորություններ ու նոր բացահայտումներ:

«Այգին ունի նոր բնակիչներ․ արդեն կարող եք հանդիպել երիտասարդ արու առյուծ Զևսին: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են աֆրիկյան սպիտակաճակատ անտիլոպներ՝ բլեսբոկները: Վայրի կատվազգիների սիրահարներին սպասում են իրենց յուրահատուկ արտաքինով և մշտապես «դժգոհ» արտահայտությամբ հայտնի մանուլները, իսկ Կովկասյան լուսաններն արդեն տեղափոխվել են նոր, ավելի ընդարձակ ազատավանդակ»,-նշված է այգու ֆեյսբուքյան էջում:

Թռչունների բաժինը ևս համալրվել է երեք նոր ազատավանդակով, որտեղ կարելի է տեսնել սիրամարգերի, փասիանների և կռունկների նոր ցուցադրվող տեսակներ: