Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հունիսի 2-ին Մադրիդում անցկացվող Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ Նուեյսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ի շարունակություն այս տարի մարտին Անդորրայում տեղի ունեցած հանդիպման՝ զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության միջև առկա համագործակցությունն առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը և քննարկել են ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Կազմակերպության կողմից ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Ընդգծվել է բժշկական զբոսաշրջության ոլորտում Հայաստանում առկա ներուժի լիարժեք կիրարկման կարևորությունը:
Անդրադառնալով Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին` կարևորվել է ՄԱԿ Զբոսաշրջության կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը։