Քննարկվել են կահույքագործության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Վալան Գրուպ» ընկերություն, որը հանդիսանում է Հայաստանի կահույքագործության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։ «Վալան Գրուպ»-ը հիմնադրվել է 2001 թվականին և մասնագիտանում է ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների համակարգերի նախագծման և արտադրության, ինչպես նաև բարձրորակ կահույքի արտադրության ոլորտներում։
Արտադրության արդիականացման և ընդլայնման նպատակով ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից։
 Այցի ընթացքում Էդգար Զաքարյանն ընկերության հիմնադիր Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է արտադրամասերում, ծանոթացել ընկերության գործունեությանը, արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիական լուծումներին և ներդրված սարքավորումներին։
 Շրջայցի ընթացքում ներկայացվել են ընկերության զարգացման առաջիկա ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։