ՀՀ–ում մարզասրահները հստակ չափորոշիչներ կունենան, մարզիչները` հավաստագիր

Հայաստանում ֆիտնես կենտրոններին ու մարզասրահներին կներկայացվեն գործունեության չափորոշիչներ` մարդու առողջության համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չափորոշիչները հատկապես վերաբերում են ֆիտնես կենտրոններում տեղադրված մարզասարքերին, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ և որպեսզի դրա օգտագործումը լինի անվտանգ։
«Հստակ կարգավորումներ են սահմանվել օդափոխման, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, անհրաժեշտության դեպքում նաև` բժշկական օգնության հասանելիության մասով»,– նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով` ֆիտնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարից մինչ այս պահը ծանուցում է ներկայացրել շուրջ 40 կազմակերպություն։
«Այդ կազմակերպություններն աշխատում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ի դեպ, սահմանել ենք ֆիտնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը. մեր քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և մարզող մասնագետներն ունենան պատշաճ պատրաստվածություն։ Հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7–ից արդեն իսկ ուժի մեջ է մտել»,– հայտարարեց նախարարը։
Անդրեասյանը տեղեկացրեց, որ ֆիտնես կենտրոններին ներկայացվող չափորոշիչներն ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց` այս ժամանակահատվածում հնարավորություն տալով մարզասրահներին վերանայել իրենց գործունեությունը։
ԿԳՄՍՆ–ն շուրջ 1 600 քաղաքացիների շրջանում հարցումներ է իրականացրել ու պարզել՝ Հայաստանում մարզասրահներ այցելում է 10 քաղաքացուց մեկը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մարզասրահներ այցելելը պարտադիր ներառել առողջության պարտադիր ապահովագրական համակարգի մեջ։