ՎԶԵԲ-ը 2026-ին ՀՀ ՀՆԱ 5,5% աճ է կանխատեսում
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 2026-ի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճ 5,5%-ի մակարդակի (2025թ. փաստացի 7,1% աճի դիմաց): Նույնպիսի աճ է ակնկալվում նաև 2027-ին:
«Տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի գործառնությունների տարածաշրջաններում» զեկույցում նշվում է, որ Հայաստանում 2025 թվականին իրական ՀՆԱ-ն աճել է 7,1%-ով, ընդ որում՝ նման բարձր տեմպը պայմանավորված է եղել շինարարության, ՏՀՏ (տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ) և ֆինանսական ծառայությունների ոլորտներով, որոնցից յուրաքանչյուրը արձանագրել է երկնիշ աճի տեմպեր։ Տեմպը պահպանվել է նաև 2026 թվականին՝ I եռամսյակում տարեկան կտրվածքով գրանցելով 7,1% աճ։ Տարեկան գնաճը, որը 2025-ին կազմել էր 3,3%, 2026թ. ապրիլին բարձրացել է մինչև 5,3%՝ գերազանցելով 3% (+/- 1 տոկոսային կետ) թիրախային շեմը։
Բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2025 թվականի համար պահպանվել է 3,7% մակարդակում, մինչդեռ պետական պարտքը տարեվերջին կայունացել է ՀՆԱ-ի 49,5% նշագծին։
Հայկական դրամը հիմնականում մնացել է կայուն, չնայած այն բանին, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2024թ. ՀՆԱ-ի 4,6%-ից 2025թ. ավելացել է մինչև ՀՆԱ-ի 7,2%՝ թանկարժեք քարերի և մետաղների առևտրի զգալի կրճատման պատճառով:
Զեկույցի համաձայն, 2026 թվականի ապրիլին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են մինչև 5,7 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 3,9 միլիարդ դոլարի համեմատ՝ ապահովելով ներմուծման չորս ամսվա ծածկույթ։
Ըստ ՎԶԵԲ-ի կանխատեսման՝ 2026 և 2027 թվականներին Հայաստանի տնտեսական աճի 5,5% պոտենցիալը կապված է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման, TRIPP («Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար») պլանի իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հետ։ Սակայն Մերձավոր Արևելքի հակամարտության տնտեսական հետևանքները կարող են վատթարացնել աճի հեռանկարները՝ հումքային ապրանքների ներմուծման թանկացման, զբոսաշրջային հոսքերի կրճատման, ինչպես նաև առևտրի և լոգիստիկայի բարդացման պատճառով։