Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։

Քննարկվել են նաև տարբեր, այդ թվում՝ գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։