Synopsys Armenia. Հայաստանը պատրաստ է ստեղծել համաշխարհային մակարդակի մրցունակ չիպեր

Միկրոսխեմաների մշակման արդյունաբերության մեջ «տեղական ընկերություն» հասկացությունը փաստացիորեն գոյություն չունի։ Չիպերի ոլորտում աշխատող ցանկացած ընկերություն հենց սկզբից պետք է կողմնորոշվի բացառապես դեպի գլոբալ շուկա։ Այս մասին հայկական առաջին ռազմաարդյունաբերական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում, որի տեղեկատվական գործընկերն է NEWS.am Tech-ը, հայտարարել է Synopsys Armenia ընկերության նախագահ, միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Երվանդ Զորյանը։

Հայաստանն արդեն գտնվում է տեխնոլոգիական զարգացման առաջնագծում

«Կիսահաղորդիչների ոլորտում որևէ երկրի ներքին շուկա, ներառյալ Հայաստանը, ընդունակ չէ ապահովել անհրաժեշտ մասշտաբը։ Ուստի բոլոր նախագծերը պետք է ի սկզբանե պլանավորվեն միջազգային հաջողության հաշվարկով»,— նշել է նա։

Զորյանի խոսքով՝ չիպերի արդյունաբերության մեջ նման հաջողության հասնելու համար անհրաժեշտ են երեք առանցքային բաղադրիչներ՝ մասնագետների ուժեղ թիմ, նորարարական գաղափարներ և ֆինանսական ռեսուրսներ։ Հենց այս գործոնների համադրությունն է որոշում ընկերության մրցունակությունը համաշխարհային շուկայում։

Զորյանն ընդգծել է, որ Հայաստանն օժտված է կիսահաղորդչային ոլորտի զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներով։ Նրա խոսքով՝ միկրոսխեմաների նախագծման աշխատանքները երկրում տարվում են արդեն ավելի քան 25 տարի, և այդ ընթացքում ձևավորվել է լուրջ տեխնոլոգիական բազա։

Նա նշել է, որ այսօր Հայաստանում հասանելի են չիպերի նախագծման ամենաժամանակակից տեխնոլոգիաները։ Երկրում արդեն իսկ ստեղծվում են առաջատար տեխնոլոգիական նորմերով մշակված բլոկներ, իսկ տեղական ինժեներներն ընդունակ են մասնակցել համաշխարհային մակարդակի միկրոսխեմաների ստեղծմանը։ «Մենք գտնվում ենք տեխնոլոգիական պատրաստվածության առաջնագծում։ Հայաստանում արդեն կան միջազգային պահանջներին համապատասխանող ժամանակակից չիպերի նախագծման հնարավորություններ»,— հայտարարել է Զորյանը։

Գլխավոր ռեսուրսը նորարարությունն է

Զորյանի խոսքով՝ արհեստական բանականության զարգացումն արդեն իսկ փոխում է միկրոսխեմաների նախագծման մոտեցումները։ Այսօր այս ոլորտում հայտնվում են մասնագիտացված ծրագրային գործակալներ (agents), որոնք ընդունակ են կատարել առանձին ինժեներական խնդիրներ և փոխգործակցել միմյանց հետ։

Նա նշել է, որ արդյունաբերությունն աստիճանաբար շարժվում է դեպի այնպիսի մոդելներ, որտեղ տարբեր խելացի համակարգեր համատեղ կմասնակցեն չիպերի մշակմանը, իսկ մասնագետները կկառավարեն այդ գործընթացներն ավելի բարձր մակարդակում։ «Մենք արդեն մոտեցել ենք այն փուլին, երբ գործակալները սկսում են փոխգործակցել միմյանց հետ։ Ձևավորվում է ինտելեկտուալ համակարգերի յուրօրինակ նվագախմբային համադրում (orchestration), որոնք աշխատում են որպես մեկ միասնական մեխանիզմ»,— ասել է նա։ Նրա կարծիքով՝ հայ ուսանողներն ու ինժեներները պետք է ակտիվորեն յուրացնեն այս ուղղությունները, որպեսզի ապագայում առաջատար դիրքեր զբաղեցնեն ոլորտում։

Այնուամենայնիվ, չնայած որակյալ մասնագետների և տեխնոլոգիական բազայի առկայությանը, Զորյանը կարծում է, որ հաջողության վճռորոշ գործոնը մնում է նոր գաղափարներ ստեղծելու ունակությունը։ Նա հիշեցրել է, որ այսօր չիպերի ոլորտում մրցակցությունը չափազանց բարձր է։ Մասնագիտացված միկրոսխեմաներ են մշակվում ինքնավար տրանսպորտի, անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության համակարգերի, տվյալների մշակման կենտրոնների և բազմաթիվ այլ ուղղությունների համար։

Ընդ որում, համաշխարհային խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներն արդեն իսկ ստեղծում են սեփական մասնագիտացված լուծումները։ Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը և Amazon-ը, մշակում են սեփական չիպերը արհեստական բանականության համակարգերի համար, ինչը մրցակցությունն էլ ավելի կոշտ է դարձնում։ «Համաշխարհային շուկայում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ է առաջարկել իրապես նոր գաղափար և նոր մոտեցում։ Առանց նորարարության բոլոր մնացած ռեսուրսները կորցնում են իրենց նշանակությունը»,— ընդգծել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ news.am