Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության «Ագրոբոտ» կենտրոնի բացումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոնի» (ԾԻԳ)  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, կենտրոնի ստեղծմանն աջակցած միջազգային կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։

«Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը ստեղծվել է Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ)  կողմից։