Երբ լինի հանրաքվեի առարկա, այն ժամանակ էլ կլինի հանրաքվե․ վարչապետը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

«Հայաստանը նույնպես պատրաստ չէ լինել Եվրոպական միության անդամ։ Մեր առաջին նպատակն է բարեփոխել երկիրը և այն հասցնել Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանող մակարդակի»,-ՌԴ-ից ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը մինչև այն կետը, երբ բոլորը կճանաչեն (և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս՝ Եվրոպական միությունը), որ Հայաստանը լիովին համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին:
«Սա մեր առաջնային նպատակն է: Դրանից հետո դա արդեն քաղաքական հարց է: Այո՛, Եվրոպական միությունը կարող է քաղաքական որոշում կայացնել, որ չի շարունակում ընդլայնման գործընթացը, և գուցե Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով որոշի, որ չի ցանկանում լինել Եվրոպական միության անդամ: Մեր կառավարության նպատակն է իրական այլընտրանքներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրություն կատարել, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև»,-նշեց նա:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ ՀՀ-ում հանրաքվեն անցկացնելու են ոչ այնպես, ինչպես Ռուսաստանի Դաշնության նախագահն է ասել:
«Ես արդեն մեկնաբանել եմ դա: Հանրաքվե անցկացնելու համար մենք պետք է առնվազն արդեն պաշտոնապես դիմած լինենք Եվրոպական միությանը անդամակցության համար կամ լինենք Եվրոպական միության անդամության թեկնածու: Քանի դեռ այս իրավիճակներից որևէ մեկը չկա և գոյություն չունի, մենք հանրաքվեի առարկա չունենք: Երբ լինի հանրաքվեի առարկա, այն ժամանակ էլ կլինի հանրաքվե: Քանի դեռ չկա հանրաքվեի առարկա, հանրաքվե չի լինի»,-ասաց նա: