Ստեղծելու ենք հնարավորություն, որ սոցիալական կրեդիտների մի մասն ուղղվի լրատվամիջոցներին և ՀԿ-ներին. Վահե Հովհաննիսյան
Ստեղծելու ենք հնարավորություն, որ սոցիալական կրեդիտների մի մասն ուղղվի լրատվամիջոցներին և ՀԿ-ներին: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մենք կսահմանենք, թե ինչ չափանիշներին բավարարելու դեպքում ՀԿ-ները և լրատվամիջոցները կարող են հայտնվել այդ ցանկում, և մեր հարգելի քաղաքացիներն իրենց հայտարարագիրը լրացնելիս և սոցիալական կրեդիտները պահանջելու ժամանակ հնարավորություն կունենան ընտրել այն ՀԿ-ներին կամ այն ՀԿ-ին ու այն լրատվամիջոցին, ում ցանկանում են ուղղել նախանշված գումարը: Այսինքն՝ մենք կսահմանենք, թե ինչքան գումար քաղաքացին կամ հայտարարատուն կկարողանա ուղղել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ՊԵԿ գործընկերների հետ կաշխատեն, որպեսզի տեղեկատվական համակարգերն այդ հնարավորությունն ընձեռեն:
«Ունեմ մեծ վստահություն, որ այս համակարգն այն ուղղություններից մեկն է, որ հայտարարել ենք, որ սոցիալական կրեդիտներն ընդլայնելու ենք, և սա լավ բանաձև է՝ ունենալու իրականում անկախ ՀԿ-ներ, որոնք պաշտպանում են այս կամ այն խմբի շահերը, նաև ունենալ անկախ լրատվական դաշտ, ինչը ցավալիորեն այս պահին այդպես չէ»,- ասաց նա: