2025 թվականի ընթացքում, հատկապես 4-րդ եռամսյակում, Հայաստանում տնտեսական աճն արագացել է. ԿԲ նախագահ

2025 թվականի ընթացքում, հատկապես 4-րդ եռամսյակում, Հայաստանում տնտեսական աճն արագացել է, արդյունքում մենք տարվա արդյունքներով ունենք 7,2 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 2 տոկոսային կետով գերազանցել է Կառավարության նախանշած ցուցանիշը և ձևավորվել երկարաժամկետ, կայուն ներուժային մակարդակից ավելի բարձր: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ՀՀ 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ-ի եզրակացությունը: 

Նրա խոսքով՝ տնտեսական աճին շարունակել են նպաստել շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը: 

Մարտին Գալստյանը նկատեց՝ որոշակիորեն արագացել է նաև գնաճը, հիմնականում պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ներքին պահանջարկի ընդլայնմամբ, ինչպես նաև որոշ ժամանակավոր գործոնների ազդեցությամբ՝ 2025-ի դեկտեմբերին մոտ ձևավորվելով թիրախին մոտ՝ 3,3 տոկոս մակարդակում:

«Տնտեսական աճի արագացումն անդրադարձել է նաև հարկերի հավաքագրման վրա, արձանագրելով հարկերի աճի ծրագրվածից բարձր ցուցանիշ: Այսպես, հարկային եկամուտները 2024-ի համեմատ աճել են շուրջ 14 տոկոսով, իսկ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը շուրջ 0,6 տոկոսային կետով՝ կազմելով 24,1 տոկոս»,- հայտնեց ԿԲ նախագահը: