Հայկական բանկային օրեր Գերմանիայում

2026 թվականի հունիսի 8-ին Հայաստանի բանկերի միության և գերմանական Landesbank Baden-Württemberg-ի (LBBW) նախաձեռնությամբ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվեց Հայաստանի բանկերի ղեկավարների, Հայաստանի Կենտրոնական բանկի և Լանդեսբանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպում։ 

Միջոցառման նպատակն էր խորացնել և ամրապնդել գործնական հարաբերությունները հայկական բանկերի և գերմանական Landesbank-ի միջև՝ ձևավորելով նոր հնարավորություններ երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի զարգացման համար։

Շտուտգարտում կայացած հանդիպման շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ով իր խոսքում կարևորեց գերմանական առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության խորացումը՝ Հայաստանի միջազգային ֆինանսական ինտեգրացիայի համատեքստում։

Միջոցառման ընթացքում հայկական կողմը ներկայացրեց «Հայաստանի մակրոտնտեսական միջավայրը» խորագրով զեկույցը, որում անդրադարձ կատարվեց Հայաստանի տնտեսական զարգացումներին, բանկային համակարգի ներկայիս իրավիճակին, կայունության գործոններին և հետագա զարգացման հեռանկարներին։

Զեկույցին հաջորդեցին LBBW-ի ներկայացուցիչների ելույթները՝ նվիրված վճարային համակարգերի, առևտրի ֆինանսավորման, ակտիվների կառավարման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական հեռանկարների վերաբերյալ եվրոպական բանկային համակարգի տեսլականին։

Կարևորվեցին նաև միջոցառման շրջանակում կայացած երկկողմ հանդիպում-քննարկումները հայկական բանկերի և LBBW-ի համապատասխան ստորաբաժանումների միջև։ Քննարկումների ընթացքում կողմերը հնարավորություն ունեցան անդրադառնալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և գործընկերային կապերի խորացմանը։