Տեղի է ունեցել փոքր և միջին ջրամբարների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Այսօր Ջրային կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Փոքր և միջին ջրամբարների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։
Ջրային պաշարների արդյունավետ օգտագործման և կառավարման բարելավման նպատակով ստեղծված ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ քննարկվել են ջրամբարների կառուցմանն ուղղված ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
Քննարկմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, կոմիտեի նախագահի տեղակալները, Ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Ջրառ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և աշխատանքային խմբում ընդգրկված ոլորտային այլ պատասխանատուներ։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ ջրամբարների կառուցման ծրագիրը Հայաստանի ջրային անվտանգության կարևոր բաղադրիչներից է և ուղղված է ինչպես գյուղատնտեսության զարգացմանը, այնպես էլ երկարաժամկետ ջրային կայունության ապահովմանը։
Աշխատանքային խմբի քարտուղար, Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ղեկավար Մարտիրոս Նալբանդյանը ներկաներին տեղեկացրել է, որ ներկայում քննարկման, ուսումնասիրման, նախագծման կամ կառուցման փուլում է գտնվում 22 ջրամբար Հայաստանի տարբեր մարզերում։ Նա խոսել է արձանագրված արդյունքների, առկա մարտահրավերների մասին։
Առանձին անդրադարձ է կատարվել Վեդու ջրամբարի ջրալցման ժամկետներին, Սելավ-Մաստարայի, Եղվարդի և այլ փոքր ու միջին նոր ջրամբարների ծրագրերին։ Դրանց մի մասի դեպքում նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթներն անցել են բոլոր փորձաքննական փուլերը, և ստացվել են համալիր փորձաքննությունների դրական եզրակացություններ։
Քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է նաև Կապսի ջրամբարի ծրագիրը։ Նշվել է, որ գործընթացում առկա են դրական տեղաշարժեր, և Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է հարցը քննարկել Հանրային ներդրումային կոմիտեի առաջիկա նիստերից մեկում։
Ամփոփելով քննարկումը՝ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել Աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանին, խմբի քարտուղար Մարտիրոս Նալբանդյանին և խմբի մյուս անդամներին՝ անցած հինգ տարվա ընթացքում կատարված նշանակալի աշխատանքի համար և հայտնել համոզմունք, որ միջգերատեսչական և փորձագիտական համայնքների համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի առաջիկա հնգամյակում՝ ուղղված նոր ջրամբարների կառուցմանը։