2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Խաչատուր Պողոսյան

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանա պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ տարվա ընթացքում եղել են դեպքեր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել են, բայց մերժվել են:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը պատասխանեց. «2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները»:

Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ 805-ի մեջ ԼՂ-ից բռնագաղթած քաղաքացիներ կա՞ն, որոնք դիմել են քաղաքացիության համար և չեն ստացել, քանի որ, ըստ պատգամավորի, ընդդիմությունը շահարկում է, թե քաղաքացիության համար դիմում են և մերժումներ են ստանում:

Խաչատուր Պողոսյանը պատասխանեց. «Մենք նման վիճակագրություն չենք վարում, բայց իմ ունեցած տեղեկության համաձայն՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, որովհետև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ գործերը առանձնահատուկ ռեժիմով՝ ամենակարճ ժամանակում է նայում: Իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»: