Վարչապետի լիազորություններն իրականացնելու շրջանակներում ծախսվել է 7,2 մլդ դրամ. Արայիկ Հարությունյան

2025 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ, ինչը կազմում է նախատեսված ցուցանիշի 96 տոկոսը։

Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար հաստատվել էր մեկ ծրագիր և 50 միջոցառում, իսկ տարվա ընթացքում Կառավարության որոշումներով ավելացվել է ևս 7 միջոցառում։

«Արդյունքում 57 միջոցառումներից կատարվել են 55-ը։ 2025 թվականին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը՝ կրկնելով 2024 թվականի արդյունքը»,- նշել է Հարությունյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ՝ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակում օգտագործվել է նախատեսված միջոցների 97,3 տոկոսը կամ 843 միլիոն դրամ։ Միջոցներն ուղղվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացմանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում 729 միլիոն դրամ հատկացվել է էլեկտրոնային կառավարման համակարգերի և սարքավորումների ձեռքբերմանը, իսկ շուրջ 114 միլիոն դրամ՝ խորհրդատվական ծառայություններին։

Հարությունյանը հայտնել է նաև, որ 2025 թվականին հանրային իրազեկման ծրագրի համար հատկացվել է շուրջ 1,3 միլիարդ դրամ, որն ամբողջությամբ իրականացվել է։

«Նախորդ տարվա համեմատ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 4,8 տոկոսով կամ 63,4 միլիոն դրամով»,- նշել է նա։

Նրա ներկայացմամբ՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025 թվականին իրականացրել է Կառավարության գործունեության լուսաբանում, թեմատիկ վերլուծություններ, լրատվամիջոցների ամենօրյա մշտադիտարկում, հաղորդաշարերի նկարահանումներ և հանրային իրազեկման այլ միջոցառումներ։

Հարությունյանի խոսքով՝ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի ծախսերը կազմել են 7,2 միլիարդ դրամ՝ ապահովելով 95,1 տոկոս կատարողական։

Նա անդրադարձել է նաև սպասարկման ծառայություններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների շահագործման ու սպասարկման ծրագրերին՝ նշելով, որ դրանց կատարողականը կազմել է 100 տոկոս, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ ծախսերի նվազում է արձանագրվել։

«Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել, և առանձնահատուկ փոփոխություններ չեն նկատվել»,- ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավա