Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ

Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից մատակարարումների վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման նկատմամբ։ Հունիսի 2-ից նույնպիսի սահմանափակումներ են մտցվել կեռասի, բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի մատակարարումների համար։ Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։