Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. Պապոյան

Կառավարության որոշումներից մեկով արդեն իսկ մի շարք ապրանքներ, մասնավորապես ջերմոցային տնտեսության ապրանքները կառավարության  նախորդ նիստով հաստատվել է, և Կառավարությունը սուբսիդավորում է իրենց մաքսատուրքը և տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ: Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարի խոսքով՝ գործընթացը շարունակական է:

«Մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ: Ըստ էության, այստեղ սահմանափակում չկա: Ինչքան շատ արտահանեն, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը ծավալները շարունակական մեծանում են»,- նշեց Պապոյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության այսօրվա նիստում աջակցության ևս մեկ նախագիծ կընդունվի՝ ոչ ջերմոցային արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերի սուբսիդավորում:

«Մասնավորապես պտուղ-բանջարեղենի մասին է, որը ոչ ջերմոցային արտադրանք է, և իհարկե, մաքսատուրքի փոխհատուցում, որը էլի 8,5-ից 14,5 տոկոս է սովորաբար լինում, Եթե նայում ենք, տեսնում ենք, ըստ էության, որ արտահանման ծավալները շարունակական մեծանում են: Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, որովհետև այն ինտենսիվ այգիները, որոնք կան ՀՀ-ում, բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ:

Այն ջերմոցային տնտեսությունները, որոնք կան Հայաստանում, դրանք բացարձակ նույնական են, ոչ մի մեթոդի, ոչ մի տեխնոլոգիայի տարբերություն չկա Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում է, և ստացված արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին»,- տեղեկացրեց Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը այստեղ հետևյալն է՝ Հայաստանը աշխարհագրորեն հեռու է գտնվում եվրոպական շուկայից և դեռևս ԵՄ-ի հետ սահմանակից չէ:

«Ինչո՞ւ դեռևս, որոովհետև մեր երկու հարևանները ԵՄ անդամակցության թեկնածուներ են, և ըստ էույան այս հեռավորության պատճառով որոշակի տեխնիկական խնդիրներ իրականում առաջանում են»,- խոստովանեց էկոնոմիկայի նախարարը:

Ըստ Պապոյանի՝ ՀՀ արտադրանքը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, սակայն մեր միակ խնդիրն այն է, որ ունենք որոշակի հեռավորություն այդ շուկաներից և տրանսպորտային ծախսերը որոշակիորեն բարձր են, ինչն ազդում է մեր ապրանքների մրցունակության վրա: