ՄԱԿ–ի և ԵՄ–ի ճամփորդական փաստաթուղթ ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն ՀՀ

ՄԱԿ–ի և ԵՄ–ի կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer և EU Laissez-Passer) ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն Հայաստան` իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր և ՀՀ այցելելու համար ստանում են անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։
«Որոշման ընդունումը ԵՄ–ի և ՄԱԿ–ի ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց թույլ կտա առանց մուտքի վիզայի այցելել և գտնվել ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում։ Բացի այդ, 2026թ. Հայաստանում նախատեսված COP17 համաժողովի անցկացմանն ընդառաջ ակնկալվում է ԵՄ և ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների՝ ՀՀ այցերի հաճախակիացում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունը համոզված է, որ այս քայլը կարող է ԵՄ–ի և ՄԱԿ–ի աշխատակիցների շրջանում ամրապնդել ՀՀ դրական իմիջը և վերջիններիս մոտ բարձրացմանել ՀՀ այցելելու գրավչությունը: