Այնտեղ, որտեղ ՏԻՄ-ը կխոչընդոտի, ձև կգտնենք, շրջանցումով կբարեկարգենք. Փաշինյանը՝ Գյումրիի փողոցների մասին

Ուրախ եմ, որ այն, ինչ ասել եմ Գյումրիում, իրականացվում է, որովհետև երեկ ես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հարցրի, ասաց, որ արդեն մի քանի փողոցների հիմնանորոգումը կամ միջին նորոգումը սկսվել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի մի քանի թաղամասերի վերանորոգման աշխատանքներին:

Ըստ Փաշինյանի՝ Գյումրիում ճանապարհների վերանորոգման անձնական պատասխանատվություն է վերցնում՝ անկախ այն հանգամանքից, թե ՏԻՄ հարթությունում խնդիրներն ինչպես կլուծվեն:

«Այնտեղ, որտեղ ՏԻՄ-ը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք, շրջանցումով կբարեկարգենք: Գյումրին այդպիսին չի կարող լինել: Դա ինձ համար անձնական ողբերգություն և խայտառակություն է:

Երբ ես Անի թաղամասում քարոզարշավ էի անում, շատ ծանր ապրումներով էի քարոզարշավ անում, որովհետև ես իմ տեսածին ուղղակի չէի հավատում, թե ոնց կարող է այդպես լինել, որ այն երկրում, որտեղ ես 8 տարի վարչապետ եմ, կարող է լինել քաղաք, որ այդ վիճակում է: Չկա երկրորդ քաղաք հանրապետությունում, որ լինի այդ վիճակում: Չկա պարզապես»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ իր վարչապետության 8 տարիներին Գյումրիի քաղաքային իշխանությունները զբաղված են եղել սաբոտաժով, չնայած այն հանգամանքին, որ կան քաղաքներ, որտեղ համայնքապետն ընդդիմադիր է, բայց այդ քաղաքներին մի քանի միլիարդ դրամի սուբվենցիաներ են տրամադրվել:

«Այդ թվում ծաղկում են այն քաղաքները, որտեղ ընդդիմադիր քաղաքապետներ կան, բայց Գյումրիում իմ ընկալումն այն է, որ հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել, որ հետո մարդկանց շրջանում լուրերը տարածեն, թե վարչապետը նեղված է, նեղացած է: Դա անհեթեթ է»,- ասաց նա: