2025-ին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ և տուրքեր են վճարվել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ

2025 թվականին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ և տուրքեր են վճարվել պետական բյուջե: Բոլոր հարկատեսակներով մուտքերն ավելացել են, ինչը պայմանավորված է վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և ստվերի նվազմամբ: Այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 11-ի համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Հաշվետու ժամանակահատվածում ՊԵԿ-ի մասով նախատեսված ծախսերը կազմել են 131 մլրդ դրամ: Հիպոտեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի մասով նախատեսվել է 96,6 մլրդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 95,6 մլրդ դրամը: Ծրագրից 2025 թվականին օգտվել է 65 հազար շահառու:

«Առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության տրամադրման» ծրագրի իրականացման համար տրամադրվել է 52,5 մլն դրամ, կատարողականը կազմել է 49,8 մլն դրամ:

Հարկային, մաքսային ծառայություների մասով ծրագրին հատկացվել է 34,8 մլրդ դրամ, կատարողականը եղել է 29,2 մլրդ դրամ:

Ներկայացնելով նախորդ տարվա ձեռքբերումներն ու բարեփոխումները՝ զեկուցողը նշել է, որ ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ ու ավելացված արժեքի հարկի ավտոմատ վերադարձի համակարգ:

Նվազել են հարկ վճարողների շրջանում այցելություններ ենթադրող ստուգումները, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը: Մաքսային գործունեության բարելավման նպատակով կոմիտեն ներդրել է էլեկտրոնային ծանուցումների հեռավար համակարգ: