Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հունիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման սկզբում Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում պետական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման և ԵՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ավելացման համար առկա է զգալի ներուժ, և ներկայումս ստեղծվել են բարենպաստ պայմաններ այն արդյունավետ իրացնելու համար։
Անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին։ Ընդգծվել է գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը և դիտարկվել է առաջիկայում բիզնես այց կազմակերպելու հնարավորությունը։