ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 54-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 82-րդ նիստերին։ Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

ՊԵԿ-ից հայտնում են՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառներին առնչվող 24 որոշում, որոնք վերաբերվում են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից արհեստական բանականության և համակարգչային տեսողության տեխնոլոգիաների կիրառմանը, անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողության իրականացման առանձնահատկություններին, ցուցահանդեսներում և տոնավաճառներում ցուցադրման համար նախատեսված ապրանքները ժամանակավոր ներմուծման մաքսային ընթացակարգով ձևակերպմանը, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։

ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 8 որոշում, այդ թվում՝  մաքսային հսկողության գործառնությունների իրականացման համար կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային միջոցների վերաբերյալ փորձի փոխանակմանը, մաքսային մարմինների կողմից տեսչական-զննման համալիրների, ռենտգեն պատկերների վերլուծության կիրառման փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

Նիստի ընթացքում ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների միջև տարանցիկ փոխադրումների պարզեցման մասին փոխըմբռնման հուշագիր։

Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 55-րդ և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 83-րդ նիստերն անցկացնել 2026 թվականի 3-րդ եռամսյակում՝ Բելառուսի Հանրապետությունում։