Խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգն առաջարկվում է փոխանցել ԷՆ-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից ստեղծված «Խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը» փոխանցել պետական կառավարման համակարգին՝ Էկոնոմիկայի նախարարությանը։

Նախագծի համաձայն՝ համակարգը պետությանը փոխանցվելու է նվիրատվության կարգով և ներառելու է ոչ միայն ծրագրային ապահովումը, այլև դրա նկատմամբ բոլոր բացառիկ գույքային իրավունքները՝ այդ թվում ծրագրային կոդերը, տվյալների բազաները, GIS համակարգերը, տեխնիկական փաստաթղթերը և ամբողջ թվային ենթակառուցվածքը։

Նախագիծը հանրային քննարկման է դրվել 2026 թվականի հունիսի 11-ից և կտևի մինչև հունիսի 28-ը։ Այդ ընթացքում քաղաքացիները, մասնագետներն ու շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

Փաստաթղթի համաձայն՝ համակարգը հանդիսանում է գյուղատնտեսության թվայնացման առանցքային հարթակ, որը ներառում է՝ խաղողի այգիների գրանցում, արտադրողների ռեգիստր, մթերման պայմանագրերի վերահսկում, ինչպես նաև աշխարհագրական տվյալների (GIS) ինտեգրում։ Կառավարության գնահատմամբ՝ համակարգը հետագայում կարող է ընդլայնվել և կիրառվել նաև այլ գյուղատնտեսական մշակաբույսերի համար։

Նախագծով սահմանվում է նաև, որ համակարգի շահագործման օպերատոր կշարունակի մնալ հիմնադրամը, սակայն ամբողջական վերահսկողությունը, տվյալների կառավարումն ու զարգացումը անցնում են նախարարությանը։

Բացի այդ, նախատեսվում է համակարգի լիարժեք գործարկման համար պետական սերվերային ենթակառուցվածքների հզորացում, քանի որ ներկայում առկա տեխնիկական ռեսուրսները բավարար չեն մեծածավալ տվյալների պահպանման և մշակման համար։