2025-ին տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում ծախսվել է 102,7 մլրդ դրամ. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ոլորտային ծրագրերը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվել են 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ոլորտային հատկացումներն ու ծրագրերը:

2025 թվականին պետական բյուջեից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 343,8 մլրդ դրամ՝ 21 ծրագրի շրջանակում իրականացվող 135 միջոցառման համար: Այդ գումարից 318,1 մլրդ դրամն ուղղվել է ծախսային ծրագրերին, իսկ 25 մլրդ դրամը ներառվել է դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրերում: Այդ մասին հայտնում է ԱԺ կայքը:

Արդյունքում՝ նախարարության ծախսային ծրագրերի կատարողականը ճշգրտված բյուջեի համեմատ կազմել է 92,3 տոկոս, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի համեմատ՝ 101,8 տոկոս: 

Հաշվետու տարում նախարարությունը փաստացի ծախսել է 27,3 մլրդ դրամով կամ 9,4 տոկոսային կետով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2024 թվականին):

Տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում փաստացի ծախսվել է 102,7 մլրդ դրամ, ինչը կազմում է նախարարության ընդհանուր ծախսերի 32,3 տոկոսը. այդ գումարի շրջանակում իրականացվել է 3 ծրագիր՝ 25 միջոցառմամբ:

Ծախսերի ամենամեծ մասնաբաժինն ուղղվել է տարածքային կառավարման ոլորտին՝ կազմելով 155,7 մլրդ դրամ կամ ընդհանուրի 48,9 տոկոսը: Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում ծախսվել է 31,6 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր ծախսերի 10 տոկոսը, իսկ ջրային տնտեսության ոլորտին հատկացվել է 28,1 մլրդ դրամ՝ 6 ծրագիր ու 42 միջոցառում իրականացնելու համար: