Փոփոխվել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի ԱԱՀ-ով հարկման կարգը

2026 թվականի մայիսի 6-ին Հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխությունների արդյունքում, փոփոխվել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի ԱԱՀ-ով հարկման կարգը։

Հիմնական դրույթները, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թ. հուլիսի 1-ից.

  • ԱԱՀ-ի հարկման նոր բազա

Արտադրողների համար՝ հարկման բազա է համարվելու իրացման գնի և հիմնավորված փաստաթղթերով ոսկու/թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը (բայց ոչ պակաս, քան իրացման գնի/իրական արժեքի 80%-ի 10%-ը)։

Առևտրական գործունեություն իրականացնողների համար (առք ու վաճառք)՝ հարկման բազա է համարվելու իրացման գնի և իրի ձեռքբերման գնի (ներառյալ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը։

  • ԱԱՀ-ի հաշվանցման արգելք

Ոսկյա իրերի առևտրով զբաղվող անձինք այլևս չեն կարողանալու հաշվանցել (պակասեցնել) ձեռքբերման հարկային հաշիվներում կամ ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (բացառությամբ 0% դրույքաչափով հարկվող գործարքների)։

  • Իրական արժեք

Եթե գործարքն արվում է անհատույց կամ իրական արժեքից 20% և ավելի ցածր գնով, ապա հարկման բազան հաշվարկվելու է տվյալ գործարքի իրական արժեքի 80 տոկոսի հիման վրա։

  • Անցումային դրույթ

Մինչև 2026թ. հուլիսի 1-ը ձեռք բերված ոսկյա իրերի մնացորդի մասով, հետագա վաճառքի ժամանակ հարկման բազան հաշվարկելիս, ձեռքբերման գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չի ներառվելու: