Գնաճի ռիսկեր կան, արտահանման և ներմուծման աճ. նախարարը ներկայացրել է հունվար-մարտի ցուցանիշները

«Գնաճի արագացում և դրամավարկային զսպող դիրքի պահպանում ունենք: Գնաճը մայիսին ԱՄՆ-ում 4.2 տոկոս է, եվրոգոտում՝ 3.2 տոկոս, Չինաստանում՝ 1.2 տոկոս, ՌԴ-ում դանդաղել է՝ հասնելով 5.3 տոկոսի: Անցյալ շաբաթ եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է, որ գնաճի ռիսկեր կան, հիմնական ապրանքների գներն աճել են»,- Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ առաջին եռամսյակում նավթի գինը աճել է 6.4 տոկոսով, պղնձի գինն աճել է 37.2 տոկոսով, պարենի միջազգային գինը նվազել է 0.1 տոկոսով. «Հունվար-մարտ ամիսներին ապրանքների արտահանումն ունեցել է 4.5 տոկոս աճ, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումն ունեցել է 36.9 տոկոս աճ: Հունվար-մարտ ամիսներին ապրանքների ներմուծումն աճել է 4.6 տոկոսով: Զբոսաշրջիկների թիվը հունվար-մարտ ամիսներին աճել է 17.2 տոկոսով: Ունենք դրամական փոխանցումների աճ՝ 17.9 տոկոսով: Տնտեսական ակտիվությունն աճել է 6.8 տոկոսով, դրան հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը: Գնաճը կազմել է 4.5 տոկոս, ԿԲ-ն անփոփոխ է թողել տոկոսադրույքը՝ սահմանելով 6.5 տոկոս»:

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարության պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ, որը դեկտեմբերի 31-ի համեմատ ավելացել է 11 միլիարդ դրամով: