Կառավարությունում քննարկվել են արտահանման ծավալների ավելացման և շուկաների դիվերսիֆիկացման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։

Մասնավորապես, ներկայացվել են գյուղատնտեսական և այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։

Վարչապետը կարևորել է  արտադրողների հետ մշտական կապի պահպանումը՝ արտահանման խթանման միջոցառումները, ծրագրերն ու քայլերը լավարկելու, խնդիրները վեր հանելու և անհրաժեշտ լուծումներ գտնելու նպատակով։ Միաժամանակ նա ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված գործողությունների հետևողական իրականացումն ու այդ ուղղութամբ պետություն–մասնավոր հատված սերտ համագործակցությունը։

Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման վրա՝ պատճառբանլով, որ  խախտվել են ԵԱՏՄ-ի  և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջները։