Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի
Ազգային ժողովը հունիսի 16-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նիստերի օրակարգը, որում ընդգրկված մի շարք օրենքների նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Հաջորդիվ խորհրդարանը սկսել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի քննարկումը:
«Այս հաշվետվության քննարկումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկայացվում է Կառավարության հնգամյա գործունեության ամփոփիչ փուլում: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն գնահատելու և արժևորելու վերջին հինգ տարիների ընթացքում իրականացված հետևողական աշխատանքը, այլև համակարգված կերպով արձանագրելու գրանցված արդյունքներն ու ձեռքբերումները, զարգացմանը միտված քաղաքականությունների արդյունավետությունը և դրանց ներդրման արդյունքում ձևավորված ինստիտուցիոնալ կարողություններն ու բարեկեցության կայուն հիմքերը»,- նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով բյուջեի կատարողականը:
Ըստ նախարարի՝ հեղափոխությունից հետո, և հատկապես 2021-2026 թվականներին Հայաստանի Հանրապետության առաջընթացը տպավորիչ է և նշանակալի: «2025 թվականին ունեցել ենք 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2021-2025 թվականներին արձանագրվել է միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ: Այս ընթացքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կնկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի մակարդակի»,- շեշտել է զեկուցողը:
Տնտեսական աճին զուգընթաց զգալի փոփոխություններ են կատարվել նաև տնտեսության կառուցվածքում: Ծառայությունների ոլորտը 2021 թվականի համեմատ իր դերը բարձրացրել է շուրջ 7 տոկոսային կետով: 2025 թվականին ծառայությունների արտահանումը հասել է ՀՆԱ-ում շուրջ 21 տոկոսի՝ 2021 թվականի համեմատ բարձրանալով 8,2 տոկոսային կետով:
Նախարարի խոսքով 2025 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են շուրջ 145 մլրդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ հասնելով ՀՆԱ-ում 6,2 տոկոսի, իսկ 2021 թվականի համեմատ էլ ավելացել են ավելի քան 3,2 անգամ:
«Կապիտալ ծախսերի աճին զուգահեռ ոչ միայն չի աճել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը, այլ հակառակը՝ նվազել է՝ 2021 թվականի 25,9 տոկոս մակարդակից հասնելով 23 տոկոսի: Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ենք սկսել ներդրումներն ուղղել ապագային և ավելի քիչ ենք սպառում ներկայիս կարիքների համար»,- պարզաբանել է Վահե Հովհաննիսյանը:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի դեֆիցիտը պահպանվել է միջինում 3,2 տոկոս մակարդակում, իսկ եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 2 տրիլիոն 725 մլրդ դրամ, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 334 մլրդ դրամով:
Նախարարը մանրամասն ներկայացրել է արձանագրված ցուցանիշներն ու ձեռքբերումները, պատասխանել պատգամավորների հարցերին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 2025 թվականի պետական բյուջեով կատարված կապիտալ ներդրումներին՝ որպես կայուն ու երկարաժամկետ տնտեսական զարգացման էական գործոնի: Նա նշել է, որ կապիտալ ծախսերի ավելացումը ինչպես նաև կատարվող ներդրումների որակի ու արդյունավետության բարձրացումը շարունակել են մնալ Կառավարության առաջնահերթությունների թվում նաև 2025 թվականին: Հաշվետու տարում կապիտալ ծախսերը զգալիորեն աճել են՝ կազմելով 702,5 միլիարդ դրամ, որը 2024 թվականի ցուցանիշը գերազանցում է շուրջ 145 միլիարդ դրամով կամ 26 տոկոսով: Շարունակել են էականորեն աճել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում կատարված կապիտալ ներդրումները, որոնք 2025 թվականին կազմել են 283,5 միլիարդ դրամ՝ 2024 թվականի ցուցանիշը գերազանցելով ավելի քան 58 միլիարդ դրամով:
Տիգրան Խաչատրյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տնտեսական և սոցիալական ինտեգրման միջավայրի բարելավման ուղղությամբ տարված աշխատանքների մասին:
Փոխվարչապետն իր ելույթը եզրափակել է արդյունավետ հանրային կառավարման համակարգի կայացմանն ուղղված այն գործընթացներով, որոնք իրականացվել են 2025 թվականի ընթացքում և առաջիկա տարիներին էական ազդեցություն կունենան հանրային կառավարման ու մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործում:
Այնուհետև իր ղեկավարած գերատեսչության ծախսային ծրագրերն ու միջոցառումները ներկայացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որից հետո հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը մանրամասնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: