Թուրքիան կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարները

Հուլիսի 1-ից Թուրքիայի իշխանությունները 15%-ով կբարձրացնեն Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման համար գանձվող վճարները։

Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, տարեկան վերանայման շրջանակում նոր սակագինը կկազմի 6.7 դոլար՝ յուրաքանչյուր տոննայի համար։

Անցած տարվա հուլիսից թուրքական նեղուցներով տարանցման համար գանձվում էր 5.83 դոլար՝ մեկ տոննայի դիմաց։

Վճարի չափը հաշվարկվում է նավի տարողունակության հիման վրա՝ համաձայն Մոնտրյոյի կոնվենցիաի, որը 1936 թվականից կարգավորում է նավագնացությունը Բոսֆորում և Դարդանելում։

Թուրքական իշխանությունները նավերի տարանցման սակագները վերանայում և բարձրացնում են տարեկան մեկ անգամ՝ 2022 թվականից սկսած։ Մինչ այդ վճարը երկար տարիներ կազմում էր ընդամենը 0.8 դոլար մեկ տոննայի համար։

Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ 2025 թվականին Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցել է ավելի քան 40 հազար նավ։

Մեկ նավի համար գանձվող միջին վճարը տատանվում է 15 հազարից մինչև 30 հազար դոլարի սահմաններում։

Ստացված միջոցներն ուղղվում են հիմնականում ափամերձ ծառայությունների, փրկարարական և բժշկական ծառայությունների ֆինանսավորմանը, ինչպես նաև ծովային վթարների հետևանքների վերացման աշխատանքներին։