Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին 26,5 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված վարկային պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 26,5 մլն եվրոյի վարկ։ Այս մասին սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում վերոնշյալ համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուրադյանը։

Նրա խոսքով, վարկային միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիրը։ Այսպիսով, այս վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է թվայնացնել որոշ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունները։ Խոսքը, մասնավորապես, արդարադատության նախարարության, ոստիկանության, ՊԵԿ-ի, ՏԻՄ-երի մասին է։

«Թվայնացմանը զուգընթաց վերոնշյալ ծառայություններից օգտվողների համար նախատեսվում է ստեղծել նաեւ համապատասխան բջջային հավելվածներ»,- ասաց Մուրադյանը։

Ավելին, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը վարկը Հայաստանին կտրամադրի 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը կլինեն արտոնյալ։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Աղբյուրը՝   news.am