Առաջարկվում է 2027 թ. հունվարի 1-ից բարձրացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափերը. Պողոսյան

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ օրենսդրական նախագծերի փաթեթի նպատակը ՀՀ-ում գործող առևտրային բանկերի հարկային միջավայրի վերանայումն է:

«Ինչպես հայտնի է, բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների ու գործառնությունների գերակշիռ մասը ազատված է ԱԱՀ-ից: Այս քաղաքականությունը, որը ընդունված է նաև միջազգային պրակտիկայում, հիմնավորվում է այն հանգամանքով, որ բանկերի կողմից կատարվող առանձին գործարքների և գործառնությունների մակարդակում նոր ստեղծվող արժեքի, այն է՝ ավելացված արժեքի մասնաբաժնի որոշումը գործնականում շատ բարդ է, երբեմն գուցե անհնար»,- ասաց Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր երկիր տարբերակների ընտրությունը կատարում է իր առջև դրված նպատակից ելնելով:

«Մեզ համար հիմնական նպատակը եղել է այն, որ համարժեք հարկում ապահովելով հանդերձ, չունենանք այնպիսի վիճակ, որ ճնշումներ գործադրվեն բանկերի կողմից մատուցվող ծառայությունների գների վրա, այսինքն՝ որպեսզի լուծումը որևէ դեպքում չհանգեցնի մեր քաղաքացիների և գործարար շրջանակների համար բանկային ծառայությունների գների ավելացման»,- նշեց նա՝ ընդգծելով՝ վերջին տարիներին բանկերն արձանագրում են շահույթի ու շահութաբերության բարձր մակարդակ:

Այս առումով ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից բարձրացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց և կազմակերպություններին վճարվող շահաբաժնի հարկման դրույքաչափերը՝ ստանդարտ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 15 տոկոս: 

Միաժամանակ, Պողոսյանը հիշեցրեց՝ տնտեսության հիմնական մասի համար ունենք կանոն, ըստ որի՝ եթե վճարված շահաբաժնից պահված հարկի չափով վերաներդրվում է տվյալ կազմակերպության կանոնադրական կապիտալում, ապա շահաբաժնից պահված հարկը վերադարձվում է:

«Այս կանոնն առաջարկվում է դադարեցնել բանկերի համար, որովհետև հակառակ դեպքում այս միջամտությունը ինքնանպատակ կլիներ, այսինքն՝ դրույքաչափը կբարձրացվեր, ավելի շատ հարկ կվճարվեր շահաբաժնից, բայց այդ նույն հարկը հետ կվերադարձվեր»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարի տեղակալը:

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ այս փոփոխությունները մի կողմից՝ կապահովեն բանկային ոլորտի արդյունավետ հարկում և պետբյուջեի լրացուցիչ հարկային եկամուտներ, մյուս կողմից՝ կխթանեն, որպեսզի գործող առևտրային բանկերը ցուցակվեն Կառավարության սահմանած ֆոնդային բորսաներում: