Սեփական հողամասում թաքնված ապօրինի արդյունահանումը զսպելու մեխանիզմներ են մշակվել

Գործող կարգավորմամբ իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասի սահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող տնտեսական և կենցաղային կարիքները բավարարելու համար կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարության համար՝ մինչև 5 մետր խորությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով գործող օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ:

Ըստ նախարարի տեղակալի՝ համայնքներում ավանդաբար իրականացվում են փոքրածավալ, ոչ արդյունաբերական նշանակության արտադրություններ, որոնք ծառայում են համայնքի տնտեսական, մշակութային, սոցիալական կարիքների բավարարմանը, և ներկայումս նույնիսկ նվազագույն ծավալով արդյունահանում իրականացնելու համար անհրաժեշտ է ընդերքօգտագործման իրավունք, ինչը առաջացնում է անհամաչափ ֆինանսական բեռ:

«Առաջարկում ենք հնարավորություն տալ ֆիզիկական և իրավաբանական անձանց, նաև առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերում իրականացնել արդյունահանում հետևյալ դեպքերում՝

  1. բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող տնտեսական և կենցաղային կարիքները բավարարելու նպատակով.
  2. շահույթ ստանալու նպատակով պինդ, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում օրացուցային տարվա ընթացքում առավելագույն 20 խորանարդ մետր ծավալով, և շահույթ ստանալու նպատակով՝ պինդ, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում բազմաբնակարան շենքերի և հասարակական շինությունների կառուցման դեպքում օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ»,- ասաց նա:

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծի նպատակն է զսպել ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը, երբ առանց իրավունքի, օրինակ՝ ձկնաբուծարանների կառուցման անվան տակ արդյունահանում է արվում և վաճառվում. «Այս արգելքով զսպում ենք այդ դեպքերը, որպեսզի անձինք հնարավորություն չունենան իրենց սեփական հողամասում թաքնված ապօրինի արդյունահանում իրականացնել»: