Առաջարկվում է ձևավորել սոցիալապես արդար փորձնակության համակարգ՝ սահմանելով նաև վարձատրության պայման

«Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ փորձնակները կարող են նաև վարձատրվել: Մինչ օրս գործող օրենքով չվարձատրելու իմպերատիվ պահանջ կար:

Նախատեսվում է, որ փորձնակների ստաժը պետք է հաշվի առնել ոչ միայն քաղծառայության պաշտոն, այլ նաև որևէ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու պարագայում: Մյուս հոդվածներում առաջարկվող փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ:

Նախագծի անցումային դրույթները սահմանող հոդվածով նախատեսվում է, որ մինչ օրս բոլոր փորձնակների ստաժը պետք է համարվի հանրային ծառայության ստաժ: Փորձնակի ստաժը հանրային ծառայության ստաժ համարելու գործընթացին տրվելու է հետադարձ ուժ:

Եթե հանրային կամ համայնքային կամ փորձագետի, կամ փորձնակի պաշտոն զբաղեցնելն օրենքի խախտմամբ է, ապա այդ ամբողջ ժամանակահատվածը չի ներառվում հանրային ծառայության ստաժում: «Այս տեսանելի փոփոխությունը զգալիորեն կմեծացնի հանրային ծառայության գրավչությունը և լսելի կլինի երիտասարդներին, որոնք մղում ունեն իրացնելու իրենց սահմանադրական իրավունքը և անցնելու հանրային ծառայության»,- նշել է զեկուցողը:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: